2 Chronicles 35
1 Հովսիան Երուսաղեմում զատիկը տոնեց Տիրոջ համար. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսին։
2 Նա քահանաներին նշանակեց իրենց պաշտոնին և քաջալերեց նրանց, որ ծառայություն անեն Տիրոջ տանը։
3 Նա բոլոր իսրայելացիներին ուսուցանող և Տիրոջը նվիրված ղևտացիներին ասաց. «Սուրբ տապանակը դրե՛ք այն տանը, որը կառուցեց Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնը. այլևս կարիք չունեք ձեր ուսերի վրա կրելու. հիմա դուք ծառայե՛ք ձեր Տեր Աստծուն և Իսրայելի նրա ժողովրդին։
4 Պատրա՛ստ եղեք ըստ ձեր ազգատոհմերի և ըստ ձեր դասերի՝ Իսրայելի թագավոր Դավթի գրածի համաձայն և նրա որդի Սողոմոնի գրածի համաձայն։
5 Սրբարանում կանգնե՛ք ձեր տեղերում ըստ ձեր եղբայրների՝ ժողովրդի զավակների ազգատոհմերի բաժանումների և ըստ ղևտացիների ագատոհմերի դասերի։
6 Մորթե՛ք զատկի գառը, ձեզ սրբագործե՛ք և այն պատրաստե՛ք ձեր եղբայրների համար, որպեսզի անեք Աստծու խոսքի համաձայն, որ ասվել է Մովսեսի միջոցով»։
7 Հովսիան այնտեղ գտնվող ժողովրդի բոլոր զավակներին իր հոտերից պարգևեց թվով երեսուն հազար գառ և այծի ձագ՝ բոլորը զատկի համար, և երեք հազար արջառ։ Սրանք թագավորի ունեցվածքից էին։
8 Նրա իշխաններն էլ հոժարակամ նվեր տվեցին ժողովրդին, քահանաներին և ղևտացիներին։ Աստծու տան վերակացուներ Քեղկիան, Զաքարիան և Հեքիելը զատկի համար քահանաներին տվեցին երկու հազար վեց հարյուր գառ և երեք հարյուր արջառ։
9 Քոնոնիան և նրա եղբայրները՝ Սեմայիան ու Նաթանայելը, և ղևտացիների գլխավորներ Ասաբիան, Հեիելն ու Հոզաբադը զատկի համար ղևտացիներին պարգևեցին հինգ հազար գառ և հինգ հարյուր արջառ։
10 Պաշտամունքը պատրաստվեց. քահանաները կանգնեցին իրենց հատկացված տեղում, իսկ ղևտացիները՝ ըստ իրենց դասերի, ինչպես պատվիրել էր թագավորը։
11 Մորթեցին զատկի գառները, և քահանաները շաղ էին տալիս արյունը՝ առնելով նրանց ձեռքից, իսկ ղևտացիները մաշկահան էին անում։
12 Նրանք առանձնացնում էին ողջակիզելու համար սահմանվածները, որպեսզի դրանք տան ժողովրդի զավակներին՝ ըստ նրանց ազգատոհմերի բաժանումների՝ Տիրոջը մատուցելու համար, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում։ Այդպես արեցին նաև արջառներին։
13 Զատկի գառները խորովեցին կրակով՝ ըստ կանոնի, բայց սուրբ նվերները եփեցին կաթսաների, սաների ու տապակների մեջ և շտապ հասցրին ժողովրդի զավակներին։
14 Հետո պատրաստեցին քահանաների և իրենց համար, որովհետև Ահարոնի որդիները՝ քահանաները, մինչև գիշեր մատուցում էին ողջակեզներն ու ճարպերը։ Ապա ղևտացիները պատրաստեցին իրենց և Ահարոնի որդիների՝ քահանաների համար։
15 Ասափի որդիների երգողները կանգնել էին իրենց տեղում՝ Դավթի, Ասափի, Եմանի և թագավորի տեսանող Իդիթունի պատվերի համաձայն, իսկ դռնապաններն էլ՝ ամեն մեկ դռան վրա։ Նրանք իրենց ծառայությունից չպետք է հեռանային, որովհետև իրենց եղբայրները՝ ղևտացիները, պատրաստում էին նրանց համար։
16 Այսպես այդ օրը պատրաստվեց Տիրոջ ամբողջ պաշտամունքը, որպեսզի տոնեն զատիկը և ողջակեզներ մատուցեն Տիրոջ զոհասեղանի վրա՝ ըստ Հովսիա թագավորի պատվերի։
17 Այդ ժամանակ Իսրայելի որդիները, որ այնտեղ էին գտնվում, յոթ օր տոնեցին զատիկն ու բաղարջակերաց տոնը։
18 Սամուել մարգարեի օրերից ի վեր սրա նման զատիկ չէր տոնվել Իսրայելում, և Իսրայելի բոլոր թագավորներն այսպիսի զատիկ չէին արել, ինչպես արեցին Հովսիան, քահանաները, ղևտացիները, այնտեղ գտնվող ամբողջ Հուդայի ու Իսրայելի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։
19 Այս զատիկը տոնվեց Հովսիայի թագավորության տասնութերորդ տարում։
20 Այս ամենից հետո, երբ Հովսիան կարգի էր բերել Աստծու տունը, Եգիպտոսի Նեքավով թագավորը եկավ Եփրատի մոտ գտնվող Քարքեմիշի դեմ պատերազմելու, և Հովսիան դուրս ելավ նրա դեմ։
21 Բայց Նեքավովը պատգամավորներ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, ո՛վ Հուդայի թագավոր, ես այսօր քո՛ դեմ չեմ եկել, այլ ինձ հետ պատերազմողի տան դեմ։ Աստված հրամայել է ինձ, որ շտապեմ. ե՛տ քաշվիր ինձ հետ եղող Աստծուց, որպեսզի քեզ չկործանի»։
22 Սակայն Հովսիան իր երեսը նրանից չշրջեց, այլ նրա դեմ պատերազմելու համար փոխեց հագուստը և չլսեց Նեքավովի խոսքը, որ Աստծու բերանից էր դուրս եկել, և գնաց պատերազմելու Մակեդդովի հովտում։
23 Աղեղնավորները նետով հարվածեցին Հովսիա թագավորին, և թագավորն ասաց իր ծառաներին. «Տարե՛ք ինձ, որովհետև ծանր վիրավորված եմ»։
24 Նրա ծառաները նրան տարան իր մարտակառքից, դրեցին նրա երկրորդ մարտակառքի մեջ և բերեցին Երուսաղեմ։ Նա մեռավ և թաղվեց իր հայրերի գերեզմանատանը, և ամբողջ Հուդան ու Երուսաղեմը սուգ արեցին Հովսիայի վրա։
25 Երեմիան ողբ ասաց Հովսիայի մասին, և մինչև այսօր բոլոր երգիչներն ու երգչուհիները իրենց ողբերում հիշում են Հովսիային, և սովորություն դարձավ Իսրայելում։ Դրանք գրի են առնված ողբերի գրքում։
26 Հովսիայի պատմության մնացած մասը, այն բարեգործությունները, որ նա արեց Տիրոջ օրենքում գրվածի համաձայն,
27 նրա առաջին և վերջին գործերը, ահա դրանք գրված են Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։